• Մասին
  • Ծրագրեր
    • Ընթացիկ ծրագրեր
    • Ավարտված ծրագրեր
  • Նորություններ
  • Գործընկերներ
  • Կապ
  • Աշխատանք
En Հայ
  • Ընթացիկ ծրագրեր
  • Ավարտված ծրագրեր

Աջակցություն Հայաստանի գյուղական վայրերում կրթության որակի բարելավմանը

Ժամանակաշրջան՝ 2020 - 2021 թթ

2019 թվականի մայիսի 8-ին Համագործակցության պայմանագիր ստորագրվեց Իզմիրլյան հիմնադրամի, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և «Գրադարակ» կրթամշակութային հասարակական կազմակերպության միջև։ Ծրագրի կողմերի ընդհանուր նպատակն էր՝ նպաստել Հայաստանի գյուղական վայրերում կրթության որակի բարելավմանը: Իզմիրլյան հիմնադրամը շարունակեց աջակցությունը Հայաստանում կրթական ծրագրերին՝ տրամադրելով 25,000 ԱՄՆ դոլար «Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների միջնակարգ դպրոցներում կրթության որակի բարձրացման և ուսումնական միջավայրի բարելավման» ծրագրի իրականացման համար: Ծրագրի շրջանակներում «Գրադարակ» կրթամշակութային ՀԿ-ն վերանորոգեց Տավուշի մարզի Չորաթան գյուղի հանրակրթական դպրոցի շենքում առկա գրադարանային տարածքը՝ փոխակերպելով այն երեխայակենտրոն բազմաֆունկցիոնալ սենյակ-գրադարանի: «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն ապահովեց իր կողմից մշակված երկամյա առաջնորդության զարգացման ծրագրի շրջանակներում որպես ուսուցիչ Տավուշի մարզի Չորաթան համայնքի հանրակրթական դպրոց գործուղված իր մեկ մասնակցի 2019-2021 թթ. ուսումնական տարվա ընթացքում մարզում ներկայությունը՝ աշխատելու և համայնքային կյանքը ակտիվացնելու նպատակով:

Արցախի Հերհեր, Ծովատեղ և Խերխան գյուղերի խոցելի ընտանիքների համար պարենային ապահովություն

Ժամանակաշրջան՝ 2020 - 2020 թթ

Իզմիրլյան հիմնադրամը, մեկտեղելով ջանքերը Թուֆենկյան հիմնադրամի հետ, աջակցեց «Արցախի Հերհեր, Ծովատեղ և Խերխան գյուղերի խոցելի ընտանիքների համար պարենային ապահովություն» ծրագրի իրականացումը, որի նպատակն էր ընդլայնել պատերազմից տուժած և Արցախի Մարտունու շրջանի Հերհեր, Ծովատեղ և Խերխան գյուղեր վերադարձած անձանց տրամադրվող ձմեռացման աջակցության ծավալները` նպաստելով նրանց պարենային ապահովությանը ևս երկու ամսվա ընթացքում: Ծրագրի շահառուներն Արցախի Մարտունու շրջանի Հերհեր Ծովատեղ և Խերխան գյուղեր վերադարձած խոցելի ընտանիքներ են: Ծրագրի արդյունքում 168 խոցելի ընտանիքների, կամ 680 մարդկանց, տրամադրվեց անվտանգ և սննդարար պարենային ապրանքներ ևս երկու ամսվա համար: Ծրագրի իրականացնող կառույցն էր Թուֆենկյան հիմնադրամը:

Աջակցություն Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցին

Ժամանակաշրջան՝ 2020 - 2020 թթ

Իզմիրլյան հիմնադրամը շարունակեց աջակցությունը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցին՝ այն վերազինելով անհրաժեշտ երաժշտական գործիքներով` այդպիսով խթանելով կրթական գործընթացները և հայ տաղանդավոր ուսանողների մասնակցությունը միջազգային մրցումներին: Ծրագրի շրջանակներում դպրոցի երաժշտական գործիքակազմը համալրվեց կիսահամերգային մեծ դաշնամուրով` այդպիսով ապահովելով երաժշտական համապատասխան գործիքների հասանելիությունը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի 400 դաշնակահար սաների համար: Չնայած COVID-19-ի մարտահրավերներին՝ դպրոցն ակտիվ մասնակցեց տարբեր ազգային և միջազգային առցանց մրցույթների: Մասնավորապես՝ 2020 թվականի ապրիլից, 28 ուսանողներ մասնակցել են տարբեր ազգային և միջազգային առցանց մրցույթների: Ծրագիրն իրականացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:

Ձեռք ձեռքի

Ժամանակաշրջան՝ 2020 - 2021 թթ

Իզմիրլյան հիմնադրամը, ՀՀ կառավարության առաջնահերթություններին համահունչ, այն է` նպաստել հասարակության սոցիալապես անապահով խավերի հզորացմանը և պլաստիկ տարաների օգտագործման կրճատմանը, ֆինանսավորել է «Ձեռք ձեռքի» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել է սոցիալական ձեռնարկություն, որտեղ աուտիզմ ունեցող երիտասարդները ներգրավվել են էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրության մեջ: Ծրագրի նպատակն էր նպաստել հասարակության սոցիալապես խոցելի խմբերի և սոցիալական ձեռնարկությունների հզորացմանը, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր արտադրության խթանմանը: Ծրագրի արդյունքում աուտիզմի սպեկտրի խանգարումներով 19 երիտասարդներ աշխատանքի ընդունվեցին «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի սոցիալական ձեռնարկությունում և ունեն եկամտի կայուն աղբյուր: Երիտասարդ աշխատակիցները հայտնում են, որ զբաղվածությունն իրենց համար ծառայել է որպես հզորացման աղբյուր։ Ավելին, ծնողները հայտնում են իրենց դեռահասների վարքագծի զգալի դրական փոփոխությունների մասին: Ծրագիրը հանգեցրել է աուտիստ երիտասարդների աշխատանքային միջավայրում անցկացրած ժամերի ավելացմանը (օրական 4-6 ժամ)՝ նպաստելով նրանց սոցիալական ներառմանը, հաշվի առնելով նաև, որ նրանք շփվում են հաճախորդների հետ (ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ հեռախոսով) և ներգրավված են նաև ապրանքների առաքման գործընթացներում։ Արդյունքում ծնողները լրացուցիչ ժամանակ են ստացել՝ այլ արդյունավետ գործունեությամբ զբաղվելու համար։ Դրանք թարգմանվում են կամ աշխատանքային հնարավորությունների, արտադրության ավելացման, կրթության մակարդակի բարելավման կամ ժամանցի համար հավելյալ ժամանակի: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է 26 շահառու, որոնք հաղորդում են արտադրական պրակտիկաների և տեխնոլոգիաների ոլորտում նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու մասին: Ծրագրի շնորհիվ բարելավվեց «Քայլ առաջ» ՀԿ-ի կայունությունը, քանի որ սոցիալական ձեռնարկության եկամուտներից սնվում են ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը: Սա ապահովում է ՀԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կայունությունը, որոնք միտված են ծառայություններ մատուցել աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաներին/երիտասարդներին: Ավելին, այն ապահովում է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի աշխատակիցների համար լիարժեք աշխատանքի հնարավորություն և եկամտի կայուն աղբյուր:

Բժշկական աջակցություն Արցախի ներքին տեղահանված հայերին

Ժամանակաշրջան՝ 2020 - 2022 թթ

Որպես միջանաժամկետ օգնություն Արցախից ներքին տեղահանվածներին՝ «Իզմիրլյան» հիմնադրամը նախաձեռնեց «Բժշկական աջակցություն Արցախի ներքին տեղահանված հայերին» ծրագիրը, որի նպատակն էր առողջապահական օգնություն ցուցաբերել 2020 թվականին արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով տեղահանված Արցախահայերին: Ծրագրի նպատակն էր նպաստել արցախահայության առողջության բարելավմանը` նրանց որակյալ բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություն ընձեռելով: Ծրագրի շրջանակներում համագործակցություն է հաստատվել Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ, որն ապահովել է ժամանակավոր կացարաններում բնակվող արցախահայերի նախնական զննումը՝ շարժական կլինիկաների միջոցով և նրանց ուղղորդումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետագա ախտորոշման և բուժման համար: Գործընկերության շնորհիվ՝ ծրագրի շահառուների քանակը զգալիորեն ավելացավ: Ծրագրից օգտվել են 182 արցախահայեր, ովքեր ստացել են տարբեր ծառայություններ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում և 9,985 շահառուներ, ովքեր ստացել են սկրինինգային ծառայություններ շարժական կլինիկաների միջոցով: Ծրագիրն իրականացվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կողմից:

Արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումներ Արցախից տեղահանված անձանց համար

Ժամանակաշրջան՝ 2021 - 2021 թթ

Իզմիրլյան հիմնադրամը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցմամբ, իրականացրեց «Արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումներ Արցախից տեղահանված անձանց համար» ծրագիրը, որի նպատակն էր աջակցել Արցախից, մասնավորապես` Ադրբեջանի կողմից գրավված շրջաններից տեղահանված խոցելի անձանց ձմեռացմանը: Ծրագրի նպատակն էր աջակցել Արցախից տեղահանված խոցելի անձանց գոյատևմանը և ձմեռացմանը՝ բարելավելով նրանց պարենային ապահովությունը: Ծրագրի արդյունքում՝ 2,150 տեղահանված անձինք, որոնք ապաստանել էին Հայաստանի Կոտայքի մարզի ժամանակավոր կացարաններում, ստացան պարենային ապրանքներ: Ծրագրի իրականացնող կառույցն էր Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:

Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի լաբորատոր կարողությունների հզորացում

Ժամանակաշրջան՝ 2022 - 2022 թթ

Իզմիրլյան հիմնադրամը Արյունաբանական կենտրոնի հետ համատեղ նախաձեռնեց «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի լաբորատոր կարողությունների հզորացում» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր բարելավել որակյալ ախտորոշիչ ծառայությունների հասանելիությունը՝ լաբորատոր տեխնիկական կարողությունների հզորացման միջոցով, ինչը հնարավոր կդարձնի Արյունաբանական կենտրոնի հիվանդների շրջանում պաթոգենների ճշգրիտ և ժամանակին հայտնաբերում, ինչպես նաև միելոդիսպլաստիկ համախտանիշների ախտորոշումը: Ծրագրի արդյունքում բարելավվեցին լեյկոզով, սոլիդ ուռուցքներով և ոսկրածուծի փոխպատվաստում անցած հիվանդների քիմիաթերապևտիկ բուժման ընթացքում առաջ եկած սնկային բարդությունների (պնևմոցիստոզ, հիստոպլազմոզ, ասպերգիլոզ), ինչպես նաև ախտածին բակտերիաների արագ հայտնաբերում պահանջող ստամոքսաղիքային տրակտի և արյան հոսքի վարակների հետ կապված ախտորոշիչ ծառայությունները: Ծրագրի արդյունքում մանրէաբանական հետազոտություններն առավել արդյունավետորեն և ավելի կարճ ժամանակահատվածում են իրականացվում, ինչը չափազանց կարևոր է իմունային անբավարարությամբ հիվանդների համար: Բացի այդ, կասկածվող միելոդիսպլաստիկ համախտանիշով (ՄԴՀ) հիվանդները այսուհետ հնարավորություն ունեն ստանալու ճշգրիտ ախտորոշում` սիդերոբլաստների որոշման համար կիրառվող ներկանյութերի բացակայության պատճառով, որոնց միջոցով որոշվում են ՄԴՀ-ի որոշ տեսակներ: ՄԴՀ-ն հիվանդություն է, որը կարող է վերածվել լեյկոզի և հանգեցնել վաղաժամ մահվան: ՄԴՀ-ի տեսակի որոշումը բժշկին կօգնի նշանակել անհրաժեշտ բուժում, ինչը կարող է փրկել կամ երկարեցնել հիվանդի կյանքը: Արյունաբանական կենտրոնի համար ձեռք է բերվել ընդհանուր առմամբ 7 լաբորատոր սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են ախտածինների ժամանակին և արդյունավետ հայտնաբերման համար։ Ծրագրի ուղղակի շահառուներն են Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժօգնություն ստացող, արյունաբանական հիվանդություններ և չարորակ նորագոյացություններ ունեցող իմունային անբավարարությամբ հիվանդները, ինչպես նաև ՄԴՍ-ով հիվանդները: Ծրագրի իրականացման գործընկերն էր Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Ժամանակաշրջան՝ 1996 - 2003 թթ

1996 թվականին Իզմիրլյան հիմնադրամը շարունակական համագործակցություն սկսեց Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ նպատակ ունենալով խթանել ռազմական կրթությունը Հայաստանում: 1996-2003 թվականների ընթացքում հիմնադրամը ֆինանսավորել է ռազմական համալսարանի մի շարք շինությունների կառուցման աշխատանքները: Կարևորելով հայկական բանակի սպայական անձնակազմի դերը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում՝ Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է մնալ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հովանավորներից մեկը:

Աջակցություն Արցախի պետական համալսարանին ուսումնական միջավայրի բարեկարգման գործում

Ժամանակաշրջան՝ 2022 - 2022 թթ

ՀԲԸՄ-ի, ՀՀՀ-ի և Արցախի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ 2021 թվականին վերակառուցվեցին Արցախի Պետական Համալսարանի շինությունները: Բուհը, սակայն, միջոցներ չուներ վերակառուցված շինությունների կահավորումն ապահովելու համար, ինչը հնարավոր կդարձներ դրանց լիարժեք գործունեությունը: Գիտակցելով Արցախում ազգային ինքնության պահպանմանն աջակցելու գործում Ացախի պետական համալսարանի (ԱրՊՀ) դերն ու ազդեցությունը, ինչպես նաև հակամարտությունից տուժած տարածքներում կրթության հասանելիությանը նպաստելու կարևորությունը՝ Իզմիրլյան հիմնադրամը, համագործակցելով Արցախի կառավարության հետ, աջակցեց ԱրՊՀ-ի շինությունների կահավորմանը։ Նախաձեռնությունը հատկապես կարևոր էր Արցախյան վերջին պատերազմի համատեքստում: Ծրագրի նպատակն էր ուսումնառության և սոցիալական համախմբվածության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Ծրագրի ուղղակի շահառուներն էին ԱրՊՀ-ի ուսանողները, դասախոսները, գիտաշխատողները, ինչպես նաև այլ համալսարանների/բուհերի ուսանողներ: Ծրագրի իրականացման գործընկերն էր Արցախի պետական համալսարանը:

Արցախում երեք դպրոցների կահավորում

Ժամանակաշրջան՝ 2022 - 2022 թթ

Շարունակելով աջակցել կրթությանը՝ հատկապես հակամարտությունից տուժած գոտիներում ` «Իզմիրլյան» հիմնադրամը աջակցեց Արցախի Չլդրան, Իվանյան և Ստեփանակերտ բնակավայրերի երեք նոր վերակառուցված դպրոցների մասնաշենքերի կահավորմանը: «Իզմիրլյան» հիմնադրամը 2020-2022 թվականներին աջակցել է Չլդրանի Դիկրան Իզմիրլյանի անվան միջնակարգ դպրոցի հիմնանորոգմանը և տարածքների ընդլայնմանը` նպատակ ունենալով բարելավել համայնքային դպրոցների ենթակառուցվածքնեը` ստեղծելով անվտանգ, առողջ և գրավիչ միջավայր դպրոցականների և ուսուցիչների համար: Արցախի Ասկերանի շրջանում գտնվող Իվանյան միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1993 թվականին և «Հայաստան» Համահասկական Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ դպրոցը հիմնովին վերակառուցվել է 2020-2022 թվականներին։ Շիրակացու ճեմարանը հիմնադրվել է 2022 թվականին Արցախի Ստեփանակերտ քաղաքում։ Ծրագրի նպատակն էր բարելավել ուսումնական միջավայրի որակը հակամարտությունների ազդեցության ենթարկված տարածքներում՝ կահավորելով նոր վերակառուցված դպրոցական մասնաշենքերը: Ընդհանրապես, դպրոցական ենթակառուցվածքը որոշիչ է, որպեսզի աշակերտները հասնեն ակնկալվող ուսումնական արդյունքներին: Դպրոցական լավ ենթակառուցվածքը, նորացված տարածքներով, հնարավորություն է տալիս դպրոցականներին սովորել և, ի լրումն, հակված է բարելավել սովորողների և ուսուցիչների հաճախելիությունն ու հետաքրքրությունը ուսման նկատմամբ: Այս նույն պատճառով, ներդրումները դպրոցական ենթակառուցվածքներում էական դեր ունեն աշակերտների դպրոցական համակարգ մուտքի խնդիրների լուծման և նրանց կատարողականը բարելավելու գործում: Ծրագրի անմիջական շահառուներն էին Դիկրան Իզմիրլյանի անվան միջնակարգ, Իվանյանի միջնակարգ դպրոցների և Շիրակացու ճեմարանի 326 դպրոցականներ և 116 ուսուցիչներ/աշխատակիցներ:

Միկրո վարկերի տրամադրում խոցելի գյուղական համայնքներում

Ժամանակաշրջան : 2001 - 2016 թթ

2010 թվականին Իզմիրլյան հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «ԷԿԼՕՖ» հիմնադրամին՝ Հայաստանի տնտեսապես խոցելի համայնքներում գյուղական միկրո-վարկային ծրագրեր ֆինանսավորելու նպատակով: Միջազգային «ԷԿԼՕՖ»ը համաշխարհային էկումենիկ միկրոֆինանսական կազմակերպություն է, որի առաքելությունն է աջակցել բնակչության խոցելի խմբերին։

Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց

Ժամանակաշրջան : 2015 - 2016 թթ

Իզմիրլյան հիմնադրամի կրթամշակութային ծրագրերից է ակնառու հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի աջակցության ծրագիրը, որի շրջանակներում 2015-2016 թթ. ընթացքում հիմնադրամը դպրոցին է նվիրաբերել լարային և փողային գործիքների մեծ հավաքածու՝ հնարավորություն ընձեռելով դպրոցի սաներին զարգացնել իրենց հմտությունները և մասնակցել հանրապետական ու միջազգային մրցույթների:

Արարատբանկ

Ժամանակաշրջան : 2007 - 2016 թթ

2007թ. հունիսին, Իզմիրլյան հիմնադրամը և Արարատբանկը ստորագրեցին համաֆինանսավորման պայմանագիր: Ծրագրի մեկնարկը պայմանավորված էր տնտեսության իրական հատվածի համար երկարաժամկետ, շուկայական փոխարժեքից ցածր և զարգացմանն ուղղված ֆոնդերի սակավությամբ: Ծրագրի թիրախում էին հայկական այն ընկերությունները, որոնց հնարավորությունները արտահանման և նոր աշխատատեղերի ստեղծման ոլորտում տեսանելի էին։ Ծրագրի շրջանակներում Ֆինանսավորումը հիմնականում տրամադրվում էր փոքր և միջին ձեռնարկատերություններին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Ժամանակաշրջան : 2000 - 2011 թթ

2000-2011 թթ. ընկած ժամանակահատվածում Իզմիրլյան հիմնադրամը («Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ) ամսական նպաստներ է տրամադրել զոհված զինծառայողների ընտանիքներին։

Փոքր բիզնեսի վարկավորման ծրագիր

Ժամանակաշրջան : 1999 - 2015 թթ

1999 թվականին Իզմիրյան հիմնադրամն աջակցել է Հայաստանում ՓՄՁ զարգացմանը՝ ընդլայնելով Եվրասիական հիմնադրամի «Փոքր բիզնեսի վարկավորման ծրագիրը», որը տրամադրում էր մատչելի վարկային ֆինանսական ռեսուրսներ տեղական ՓՄՁ-ներին: Ծրագիրը հետագայում վերանվանվեց «Իզմիրլյան – Եվրասիական հիմնադրամ փոքր բիզնեսի վարկավորման ծրագիր»: 2004 թվականի հուլիսին հիմնադրվեց Իզմիրլյան-Եվրասիական հիմնադրամ ունիվերսալ վարկային կազմակերպությունը:

Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը Հայաստանում

Ժամանակաշրջան : 2003 - 2007 թթ

2003 թվականին, Հայաստանում ՓՄՁ զարգացմանն աջակցելու նպատակով, Իզմիրլյան հիմնադրամը մասնակցեց վարկավորման մեկ այլ ծրագրի: Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ համագործակցությամբ` այն հիմնադրեց Միասնական ֆինանսական կառույց՝ ապահովելով Հայաստանում համեմատաբար խոշոր ձեռնարկությունների ուղիղ վարկավորում: Ծրագրին միացավ նաև Նիդերլանդների կառավարման համագործակցության ծրագիրը:

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Ժամանակաշրջան : 2017 - 2017 թթ

2017 թվականին Իզմիրլյան հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվեցին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահի շենքի էլեկտրամատակարարման համակարգի արդիականացման աշխատանքները։ Աշխատանքների արդյունքում բարելավվեցին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աշխատանքային պայմանները` հայ և օտար ունկնդրին հնարավորություն ընձեռելով արժանապատիվ կերպով վայելելու բարձր արվեստը Երևանի սրտում:

Գյուղատնտեսական հողերն անվտանգ մշակելու հնարավորության ապահովում

Ժամանակաշրջան : 2017 - 2020 թթ

Իզմիրլյան հիմնադրամն աջակցել է “Halo Trust” (միջազգային ՀԿ) միջազգային կազմակերպությանը իրականացնել ականազերծման աշխատանքներ երեք ականապատ դաշտերում՝տրամադրելով համաֆինանսավորում։ Ծրագրի նպատակն էր բացառել ականի պայթյունից մարդկային զոհերի հավանականությունը, աջակցել գյուղատնտեսական նշանակության հողերի ականազերծման աշխատանքներին՝ այդպիսով հնարավորություն տալով համայնքի բնակիչներին անվտանգ մշակելու իրենց հողը, ունենալու ապահով արոտավայրեր անասունների համար: Ականազերծված հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 51,726 մ2, որտեղ 24 աշխատակիցներ, այդ թվում` կանայք, ներգրավված են եղել ականազերծման աշխատանքներում:

Սնունդ ծայրահեղ կարիքավորներին COVID-19-ի պայմաններում

Ժամանակաշրջան : 2020 - 2021 թթ

«Իզմիրլյան հիմնադրամը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության հետ համատեղ իրականացրեց «Սնունդ ծայրահեղ կարիքավորներին COVID-19-ի պայմաններում» ծրագիրը` նպատակ ունենալով աջակցել Հայաստանում և Արցախում խոցելի անձանց/ընտանիքների պարենային անվտանգությանը` ապահովելով սննդարար սննդի հասանելիություն խոցելի բնակչության համար: 2020 թվականի մայիսի 22-ին Նվիրաբերության պայմանագիր ստորագրվեց Իզմիրլյան հիմնադրամի և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև: Ծրագիրը իրականացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության և Հայ առաքելական եկեղեցու թեմերի կողմից: Ծրագրի արդյունքում 4,050 խոցելի ընտանիքների (կամ 18,600 մարդ) համար հասանելի դարձավ անվտանգ և սննդարար սնունդ:

Առավել խոցելի անձանց պաշտպանություն COVID-19-ի պայմաններում

Ժամանակաշրջան : 2020 - 2021 թթ

«Իզմիրլյան հիմնադրամը» Հայկական Կարմիր Խաչի Ընկերության, Վորլդ Վիժն Հայաստանի և «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ իրականացրել է «Հայաստանում և Արցախում առավել խոցելի անձանց պաշտպանություն COVID-19-ի պայմաններում» ծրագիրը` միջնաժամկետ օգնության տեսքով առավել խոցելի խմբերի պարենային ապահովությանն աջակցելու նպատակով: Ծրագրի նպատակն էր աջակցություն տրամադրել երկրի՝ COVID 19-ի արձագանքին և դրա հետևանքների մեղմացմանը` ապահովելով սննդարար սննդի և հիմնական հիգիենայի պարագաների հասանելիություն խոցելի ընտանիքների համար Հայաստանում և Արցախում: Ծրագիրը իրականացվել է Հայկական Կարմիր Խաչի Ընկերության, Վորլդ Վիժն Հայաստանի և «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից: Ծրագրի արդյունքում ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում 1,100 խոցելի ընտանիքների (կամ 4,000 մարդ), ՀՀ Արմավիրի և Լոռու մարզերում 1,147 խոցելի ընտանիքների (կամ 8,248 մարդ), Արցախի Հանրապետության Քաշաթաղի (նախկին Լաչին) շրջանի 401 խոցելի ընտնիքների (կամ 1,631 մարդ) համար հասանելի է դարձել անվտանգ և սննդարար սնունդ և հիմնական հիգիենայի պարագաներ:

ՋՋՀ և առողջություն ՀՀ Արմավիրի մարզի Տանձուտ և Այգեշատ համայնքների դպրոցներում

Ժամանակաշրջան : 2020 - 2021 թթ

Իզմիրլյան հիմնադրամը աջակցեց «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «ՋՋՀ (Ջրամատակարարում, ջրահեռացում և հիգիենա) և առողջություն ՀՀ Արմավիրի մարզի Տանձուտ և Այգեշատ համայնքների դպրոցներում» ծրագիրը՝ որպես «Իմ քայլը» հիմնադրամի «Առողջ ապրելակերպ» ծրագրի պիլոտային նախաձեռնություն, որի նպատակն էր նպաստել Հայաստանի գյուղական վայրերի դպրոցներում սանիտարահիգիենիկ պայմանների էապես բարելավմանը և առողջապահական միջավայրի ապահովմանը: 2020 թվականի մայիսի 27-ին Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Իզմիրլյան հիմնադրամի և «Իմ քայլը» հիմնադրամի միջև: Ծրագիրը իրականացվեց «Իմ քայլը» հիմնադրամի կողմից: Ծրագրի արդյունքում՝ Շահառու դպրոցներում բարելավվեցին սանիտարահիգիենիկ պայմանները՝ սանհանգույցների կառուցման/վերակառուցման և կահավորմամբ, ինչպես նաև ՋՋՀ ուղեցույցների մշակման և չափանիշների սահմանման միջոցով: Դպրոցներում ապահովվեց առողջությանը նպաստող ֆիզիկական ակտիվության հասանելիությունը՝ մարզադահլիճների վերանորոգման և կահավորման, ինչպես նաև ֆիզիկական դաստիարակության վերաբերյալ համապարփակ ձեռնարկի մշակման միջոցով:

Վիրտուալ ԹՈՒՄՈ ճամբար 2020

Ժամանակաշրջան : 2020 - 2020 թթ

«ԹՈՒՄՈ ամառային ճամբար 2019» ծրագրի հաջող իրականացումից հետո, որը կրթական մեծ փորձ ձեռք բերելու հնարավորություն ընձեռեց Հայաստանի սահմանամերձ գյուղերում բնակվող դեռահասներին, Իզմիրլյան հիմնադրամը շարունակեց համագործակցությունը Սիմոնյան կրթական հիմնադրամի հետ ՝ աջակցելով «Վիրտուալ ԹՈՒՄՈ ճամբար 2020» ծրագրին: COVID 19 համաճարակի բռնկման պատճառով ԹՈՒՄՈ ճամբար 2020 ծրագիրը կազմակերպվեց առցանց ռեժիմով: Ծրագիրը կազմակերպվեց միայն այն երեխաների համար, ովքեր բնակվում էին Հայաստանի սահմանամերձ գյուղերում: Նրանք ներգրավվեցին առցանց ԹՈՒՄՈ սեմինարներին` ԹՈՒՄՈ-ի Երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ միասին: Նրանք 3-4 շաբաթ անցկացրեցին սովորելով 10 տարբեր առարկաներ ուսումնավարժանքներ: Դասընթացները կազմակերպվեցին այնպես, որ ճամբարականները հնարավորություն ունենան շփվել այլ ուսանողների հետ և կիսել իրենց փորձը: Ծրագրի նպատակն էր առավել մեծ հնարավորություններ ընձեռել Հայաստանի հեռավոր շրջաններում ապրող պատանիներին ՝ տեխնոլոգիայի և դիզայնի ոլորտում գիտելիքներ, հմտություններ և պրակտիկ փորձառություն ձեռք բերելու և ԹՈՒՄՈ-ի ուսանողների հետ առցանց կապվելու միջոցով: Ծրագրից ուղղակիորեն օգտվեցին Հայաստանի հեռավոր և սահմանամերձ համայնքների 25 դեռահասներ: Ծրագրի հիմնական արդյունքն է՝ տեխնոլոգիայի և դիզայնի բնագավառում բարելավված գիտելիքներ և կարողություններ, ինչպես նաև համախոհների ընդլայնված ցանց: 2019 թ.-ին Իզմիրլյան հիմնադրամը ֆինանսավորեց «ԹՈՒՄՈ ամառային ճամբար 2019» ծրագրի իրականացումը, որի շրջանակներում Հայաստանի հյուսիսարևելյան (Տավուշի մարզ) ինը սահմանամերձ գյուղական համայնքներից 10-ից 18 տարեկան 20 երիտասարդներ մեկ շաբաթով մասնակցեցին Երևանում ԹՈՒՄՈ ամառային ճամբարին: Ծրագրի շրջանակներում շահառուները ստացան դասընթացներ ռոբոտաշինության, լուսանկարչության, 3D մոդելավորման, անիմացիայի և գրաֆիկական ձևավորման վերաբերյալ: Բացի ուսումնական ծրագրերին ակտիվորեն մասնակցելուց՝ ճամբարականները նաև այցելեցին տեսարժան վայրեր Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:

Նպաստել ազգի պահպանմանը

2021. Իզմիրլյան հիմնադրամ: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Իզմիրլյան հիմնադրամ

  • Մեր մասին
  • Աշխատակազմ
  • Գործընկերներ
  • Կապ

Ներգրավվեք

  • Ծրագրեր
  • Նորություններ
  • Աշխատանք Իզմիրլյան հիմնադրամում
Իզմիրլյան հիմնադրամ

Իզմիրլյան հիմնադրամ
Հայաստան, 0010, Երևան,
Մելիք-Ադամյան փող., շ. 2/1

info@izmirlianfoundation.am

+ 374 10 588897

  • Անգլերեն
  • Հայերեն